Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Գյումրու բարսելոնյան ոսկե շողարձակումը

Գյումրու բարսելոնյան ոսկե շողարձակումը
06.09.2016 | 09:12

Օգոստոսի 8-ին Գյումրին վաղ առավոտից կուտակ-կուտակ շարժվեց քաղաքի հարավ-արևմտյան դարպաս՝ դիմավորելու իր փառապանծ երկու դյուցազուններին՝ Իսրայել Միլիտոսյանին ու Մնացական Իսկանդարյանին, ովքեր մեր ազգային օրհներգի ներքո Իսպանիայի Բարսելոն քաղաքում օլիմպիադաների համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ վեր բարձրացնել տվեցին Հայոց եռագույնը:

Գուցե նախախնամության կամքն էր, սուրբ երրորդության մեր դավանանքը, որ հայոց պետականության խորհրդանիշները մարզաշխարհի սիրահարներին ստիպեցին ոտքի կանգնել և երրորդ անգամ, երբ երևանցի Հրաչյա Պետիկյանն իր դիպուկ կրակոցներով կրկնեց գյումրեցի իր ընկերների մարզական խիզախությունը: Սակայն երևի քչերը գիտեն, որ Գյումրին, ավերված ու փլատակ դարձած Գյումրին, որ չար երկրաշարժի կամոք կանգուն մնացած ոչ մի մարզաբազա չունի, միայն երկու ոսկե բարձունք չունեցավ: Կա և երրորդը. այն «նվաճեց» Ռաֆայել Չոլախյանը, ում գլխավորած ԱՊՀ-ի բասկետբոլի կանանց հավաքականը դարձավ օլիմպիադայի ոսկե մեդալակիր: Թող չդիտվի որպես գյումրեցու մեծախոսություն, թեև այդպես խոսելու տեղն էլ ունենք, բայց դե ինչ անես. երեքին էինք ուղարկել, դրա համար էլ երեք «ոսկի» ունեցանք:
Օգոստոսի 8-ին քաղաքը կուտակ-կուտակ հավաքվել էր իր հարավ-արևմտյան դարպասի մոտ ու խենթացել: Հոգնած, սակայն վաստակած մարդու ժպիտը դեմքերին Իսրայելն ու Մնացականն ընկել էին բազմության գիրկն ու չէին կարողանում պոկվել: Քաղաքն իր սիրտն էր բացել՝ տիրոջ իրավունքով կիսելով իր հերոսների ուրախությունը:


Հետո, երբ մեզ՝ լրագրողներիս, հաջողվեց մոտենալ նրանց, հարցազրույցների սովոր, բայց այդպես էլ դրանց չվարժված տղաները (իրենցը գործն անելն է) հուզախռով, շփոթ, երջանիկ, պատասխանում էին հարցերի տարափին, ես, նրանց շնորհավորելուց հետո փոքր-ինչ հեռու կանգնած (Մոսկովյան շրջանի սպորտկոմիտեի նախագահ Մնացական Հովհաննիսյանը վստահեցրել էր, թե կկարգավորի օլիմպիականների հետ հարցազրույց ունենալու գործը, որ այդպես էլ չկարողացավ գլուխ բերել), հիշեցի ռուս հեռուստալրագրողի «Ի՞նչ զգացումներ ունեցաք, երբ բարձրացվեց Հայաստանի դրոշը» Իսրայել Միլիտոսյանին տրված հարցն ու ստացած պատասխանը, որի մեջ և՛ պետականության զգացողություն կար, և՛ Հայաստանի դրոշն առաջին անգամ օլիմպիադայում բարձրացրած տեսնելու ու դրանում իր մասնակցությունն ունենալու օրինական հպարտության բերկրանք, և՛ անձնական կյանքի ողբերգական անդրադարձներ:


Առաջինը լինելու ցանկություն-զգացողությունը բոլորիս մեջ է նստած, սակայն քչերին է բախտ վիճակված այն իրականացնելու: Իսրայել, դու եղար այդ քչերից մեկը: Եվ ինչո՞վ դու հայոց Վարազդատը չես, ով կռփամարտի և առհասարակ առաջին օլիմպիական չեմպիոնն է Հայաստան աշխարհի ու դրանով իսկ պատմության սկիզբ: Դո՛ւ էլ ես նրա նման սկիզբ, որովհետև դու սոսկ առաջինը չեղար քո մարզաձևի մեջ, քո քաշային կարգում: Դու առաջինը եղար Հայաստանի համար ընդհանրապես, որովհետև սկիզբը դրեցիր Օլիմպոսի վրա հաղթականորեն ծածանվող Հայոց եռագույնի, որ արյունից ծորած կաթիլ է մի կարմիր, երկնքից պոկված երիզ է կապույտ, հասուն հասկերի շող նարնջագույն:
Դու 1988-ի ահեղ երկրաշարժը տեսած Գյումրու առաջին ներկայացուցիչն էիր օլիմպիական խաղերում և քո «ոսկե» կիլոգրամներով պիտի ցուցանեիր աշխարհին, որ Գյումրին, որքան էլ ծանր վիրավոր, անընկճելի ոգի ունի, որ այստեղի մարդու որակը (իմա՝ ցեղի որակը) ցավը զսպանակել ու ճամփան շարունակել գիտե, որ գյումրեցին խոսքը քամու բերան տվող չէ, իսկ քո դեպքում՝ առավել ևս:


Հիշո՞ւմ ես՝ Սեուլի «արծաթից» հետո, երբ եղբայրդ մեդալը բռնած նոթոտված հարցրեց՝ էս է՞ր բերածդ, ինչ պատասխանեցիր…
Այս ի՜նչ եմ ասում:
Այդ դո՞ւ չես հիշում, որ քաղաքի շեմից ուղիղ գնացիր գերեզմանոց՝ երկրաշարժի անմեղ զոհեր դարձած քրոջդ ու եղբորդ տեսության, հանեցիր «ոսկին», դրեցիր եղբորդ շիրմաքարին ու հեկեկացիր. «ՈՒզածդ բերել եմ: Ինչո՞ւ չես վերցնում»:
Քո ելույթը, այո, ոսկե պիտի լիներ:


Դու կոչվա՛ծ էիր, դու պարտավո՛ր էիր, որովհետև, անձնականից զատ, դու Երկիր էիր ներկայացնում՝ իր ազատ ու անկախ ապրելու իրավունքը հաստատած Երկիր և այդ Երկրի մեջ՝ Գյումրի, որը ոսկու շողարձակումներ քիչ չի տեսել ու քիչ չի էլ տեսնելու, քանի դեռ ունի պատիվը՝ կեցություն և հպարտությունն ապրելաոճ դարձրած քեզ նման որդիներ:
Քո ելույթը, այո, ոսկե՛ պիտի լիներ, որովհետև դու քո ՀՈՂԻ՛, ԽԱՉԻ՛, ԳՐԻ՛ հավատավորն էիր ու պարտապանը: Քո մարզահագուստի վրա ԵՐԿՐԻԴ անունն էր, թիկունքիդ՝ հայոց գրերի դաջվածքը՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ… այս էլ ահա 1600 տարի շարունակ վառվող երեսունվեց կանթեղ՝ նախասկիզբը մեր էության, պայմանը՝ գոյի: Իսկ այն, որ Գյումրու ունեցած «ոսկին» պատահականություն չէր, այլ օրինաչափ երևույթ, ամրագրեց Մնացական Իսկանդարյանը՝ մեր փառավոր ըմբիշը, ում թիկունքը գետնին հպելու կարողություն ունեցավ միայն հաղթանակի բերկրանքը:


Օլիմպիականներին դիմավորելուց հետո հայր Իսկանդարյանը պարտադրեց տուն գնալ.
-Տղուս համար մատաղ էի խոստացել, բայց հաղթած վերադառնալու պայմանով: Մնացս իրա խոսքի տերն էղավ, ես էլ իմի տերն եմ: Էրթանք, չնեղեցնեք:
Գյումրեցու խենեշ քեֆ էր: Մինչ Մնացականի շահած մեդալը ձեռքից ձեռք էր անցնում, վայրկյանը մեկ պայթող ծիծաղի, շնորհավորանքների, համբույրների հեղեղի տակ մի երկու հարց կարողացա տալ:


-Մնացական, ի՞նչ զգացումով էիր մրցագորգ ելնում:
-Մինչև մարտի բռնվելը ես ինձ ասում էի. «Քո հաղթանակին առաջին հերթին Ղարաբաղում են սպասում»: Պարտվելու իրավունքը չէ, պատահականությունն էլ էր այդպես բացառվում: Մեզնից ամեն մեկն իր գործն է կոչված անելու: ՈՒ թե պիտի անես, նամուսով պիտի անես: Բարսելոնում ես Հայաստանն էի ներկայացնում: Ես բարոյական իրավունք չունեի սայթաքելու: Ես ինձ ասում էի՝ աշխարհը գիտե, որ մենք Ղարաբաղ ունենք, աղետ ենք տեսել: Թող ոչ մեկի մտքով իսկ չանցնի, թե մենք խեղճ ենք կամ խեղճացած: Հակառակը, մենք ուժեղ ենք, այն էլ՝ շատ ուժեղ և պիտի այդպես էլ ներկայանանք:
-Ի՞նչն էր ամենաշատ ուրախացնողը և տխրեցնողը օլիմպիադայում:
-Ինչ խոսք, ամենաշատ ուրախացնողն Իսրայելի փայլուն սկիզբն էր: Երբ նա տարավ ոսկին, մտածեցինք՝ սկիզբը կա, մնում է շարունակել: Իսկ ամենատխրեցնողն այն եղավ, երբ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը ձեռքից բաց թողեց օլիմպիական հաղթողի դափնին: Ափսոս, չորսը կունենայինք, բայց երբ մտածում ես, որ օլիմպիադային մասնակցած հարյուր յոթանասուն երկրի մեջ տասնութերորդ տեղն ես զբաղեցնում շահածիդ քանակով՝ ինքդ էլ լինելով մի բուռ երկիր, սիրտդ ուռչում է հպարտությունից:
-Եթե առանձին թիմով հանդես գայինք,- ընկերոջն ընդմիջում է Իսրայելը,- ավելի շատ մեդալներ կունենայինք: Ոչինչ, մեր հայրենակիցները թող մի փոքր համբերեն: Հաջորդ օլիմպիադան սարերի հետևում չէ:
Իսկապես, հաջորդ օլիմպիադան այնքան էլ հեռու չէ, մանավանդ որ մնացել է ընդամենը… չորս տարի: Եվ հանրապետության սպորտպետվարչության նախագահ պարոն Ռաֆայել Թորոյանի Գյումրիում օլիմպիական չեմպիոնների մեծարման երեկոյին արած կատակն էլ այնքան կատակ չէր, երբ ասաց, թե հաջորդ օլիմպիադային Հայաստանի մարզիկների համար անձամբ Պիեռ Կարդենին քսանհինգ մարզահագուստ է պատվիրելու:


Նախագահի ասածը դիպուկ էր, միայն թե քիչ չէ՞ր:
Այդքանը հազիվ Գյումրու պատվիրակներին բավարարի:
Ի՞նչ է, Ատլանտայի օլիմպիադային մեր մյուս բնակավայրերը չե՞ն մասնակցելու…


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
26 օգոստոս, 1992 թ.

Դիտվել է՝ 2108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ